Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Դիմագրավում են ավերիչ հույս ու հավատ ներշնչում

Դիմագրավում են ավերիչ հույս ու հավատ ներշնչում
25.06.2013 | 12:14

«Նարեկ Հախնազարյանը ֆենոմենալ թավջութակահար է, որը ներխուժել է միջազգային ասպարեզ` նվաճելով 2011 թվականի Չայկովսկու անվան մրցույթի 1-ին մրցանակը և Ոսկե մեդալը»


(«Washington Post»)

«Արղամանյանի կատարումը հուզական է, համոզիչ, ամբողջական, բնական և ավարտուն, որը հազվադեպ է նման երիտասարդ կատարողի համար»


(«The Independent»)


Ավետարանը կոչ է անում. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր հայրն է կատարյալ»։ Եվ սա վերաբերում է մարդկային գործունեության բոլոր բնագավառներին` հոգևոր, ֆիզիկական, հասարակական կյանքին, մշակույթին, արվեստին և այլն։
Կատարելությունը բացառիկ երևույթ է, հատկապես մեր օրերում, երբ «չորս բոլորը գլուխներն են կորցնում» (Ռ. Կիպլինգ), երբ ամենուր ճգնաժամ է, հոգևոր արժեքների անկում, աղքատություն, արտագաղթ, մոլեգնող նյութապաշտություն։ Հակառակ այս ամենի, գտնվում են նվիրյալներ, որոնք իրենց գործունեությամբ դիմագրավում են ավերիչ ուժերին, հույս ու հավատ ներշնչում մարդկանց։
Օրերս ականատես եղանք կատարելության մի փայլատակման` միջազգային մրցույթների դափնեկիրներ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և դաշնակարուհի Նարե Արղամանյանի համերգին, որը տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Մեծանուն ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը սիրում էր կրկնել, որ կատարելությունը, իդեալը նման են հորիզոնի, որին որքան մոտենում ես, այնքան այն հեռանում է։ Սակայն կատարելություն կարելի է համարել նաև տվյալ ժամանակաշրջանի նվաճումների գագաթը։
Առայժմ Նարեկի բարձրագույն նվաճումը Չայկովսկու անվան մրցույթում հաղթանակն է։
Մտադրվել էի համերգը լուսաբանել մամուլում։ Սակայն Ռոբերտ Շումանի «Ադաջո և Ալլեգրո» երկի առաջին իսկ հնչյուններից հափշտակվեցի։ Ակամա հիշեցի հնդիկ պոետ Սումիտրանանդան Պանտի հետևյալ խոսքերը. «Գեղեցիկի երգիչս` ես, ձեր գեղեցկության առջև համրանում եմ, ով Հիմալայներ»։
Այդուհանդերձ, համերգի ընթացքում փորձեցի որոշ նշումներ գրանցել։ Ծոցատետրս վերածվեց մի «կտավի», որին մերթ ընդ մերթ վրձնահարվածներ էի հասցնում։
Ձգտելով չշեղվել երաժշտությունից` փորձում էի «կանգնեցնել», որսալ հավերժի ակնթարթները, «կայծակներ» բռնել։ Նկատի ունեմ ոչ միայն Ռոստրոպովիչի «Հումորեսկի», Պագանինիի «Մովսես» վարիացիաների, Դյորդ Լիգետիի «Սոնատի», Չայկովսկու «Պեցցո կապրիչիոզոյի» վիրտուոզ դրվագները Նարեկի փայլուն կատարմամբ։
Խոսքս նաև հազիվ նշմարվող հնչյունային «լուսաստվերների», նրբերանգների, վիբրատոյի (թրթիռ), շշուկային, նվաղուն դարձվածների մասին է։ Օրինակ, Ռախմանինովի «Վոկալիզում» թավջութակահարը կերտեց երկու հնչյունային աշխարհ` իրական, ներկա և երազային, անցյալ։ Միևնույն մեղեդին նվագելով մերթ հնչեղ, մերթ մեղմ` որպես արձագանք, դեռ չի նշանակում անցյալի վերհուշի տպավորություն ստեղծել։ Նարեկն իր հնչյունը, մեղեդին պատում էր յուրովի «պատինայով» (բրոնզափառով), մշուշով, որը գոյանում է արվեստի հնագույն նմուշների վրա։ Եվ ամեն անգամ երազից դառն իրականություն վերադառնալը մեծ թախիծ, կարոտ էր արթնացնում, ինչպես դա զգացինք հատկապես «Պեցցո կապրիչիոզոյում»։ Այս ամենը այդքան ամբողջական չէր լինի, եթե Նարեն չլիներ արժանի խաղընկեր, օժտված չլիներ անսամբլային նուրբ զգացողությամբ, ինչը լավագույնս դրսևորվեց Էդվարդ Գրիգի մեծակերտ Սոնատում։ Հայտնի է, սոնատում երկու կատարողներն էլ իրենց դերակատարությամբ հավասարազոր են։ Այս գործը ռոմանտիկ շրջանում բյուրեղացած համերգային ոճի սոնատներից է, ինչպես, օրինակ, Սեզար Ֆրանկի Ջութակի և դաշնամուրի սոնատը։ Սոնատում Գրիգն օգտագործել է թեմաներ իր իսկ նախորդ գործերից։ «Այստեղ հնչում է և՛ «Նուրդրոկի հիշատակին նվիրված սգո քայլերգի» խստաշունչ թեման, որը վերամարմնավորվել է սոնատային ալլեգրոյի եռանդուն գլխավոր թեմայի,- գրում է Օլգա Լևաշովան,- այստեղ անմիջական հիշեցում կա «Հանդիսավոր քայլերգի» մասին` «Սիգուրդ Յուրսալֆար» դրամայից ¥Սոնատի 2-րդ մաս¤, պարային զվարթ ռիթմեր` Դաշնամուրային կոնցերտից (Սոնատի ֆինալում), իսկ 1-ին մասի կոդայում կա նաև նույն կոնցերտի սկզբնական թեմայի ուղղակի մեջբերումը...» (Э. Григ, М. 1962, стр. 491)։
Ավելացնենք նաև, որ Սոնատի 1-ին մասի թեմայի ելևէջները հիշեցնում են Շուբերտի «Անավարտ սիմֆոնիան» սկսող բասերի թեման։ Ի դեպ, Գրիգից հետո, Անտոնին Դվորժակը այս դարակազմիկ թեմայի հիման վրա ստեղծել է իր Թավջութակի կոնցերտը։ Սոնատի 2-րդ մասի 1-ին թեման նմանվում է նաև Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտի 1-ին մասի օժանդակ թեմային։ Այս զուգահեռները ցույց են տալիս, թե ինչ հնարավորություններ են թաքնված այս թեմաների «ընդերքում», և ինչպիսի զարգացման, կերպարանափոխությունների են ենթարկվել դրանք Գրիգի Սոնատում։
Անդրադառնալով Սոնատի 1-ին մասի օժանդակ թեմային` Լևաշովան գրում է. «Ծնվելով երազային-հայեցողական ոլորտում, մեղեդին այնուհետև հասնում է հուզական վիթխարի վերելքի, ուժի և կրքոտության։ Քնարական թեմայի հուզական դիապազոնի նման աստիճանական ընդլայնումը Գրիգի կոմպոզիցիոն ոճի տիպական առանձնահատկություններից մեկն է» (անդ, էջ 493)։ Որևէ թեմայի, մեղեդու զարգացման ընթացքը ակադեմիկոս Ասաֆևը բնորոշել է որպես «թեմայի ճակատագիր»։ Հետևելով Գրիգի Սոնատի 1-ին մասի գլխավոր թեմայի «ճակատագրին»` նկատում ենք հետևյալը։ Թավջութակի այդ քնարական մեղեդին ծավալվում է դաշնամուրի ալեկոծումների ֆոնի վրա։ Ընդ որում, թավջութակի «սրտի» երկու զարկերին համապատասխանում են դաշնամուրի երեք զարկերը ¥տրիոլները¤, ինչը ստեղծում է «առիթմիա», տագնապալի վիճակ։ Իսկ երբ թեման փոխանցվում է դաշնամուրին, սաստկացող ալեկոծումը, գրավելով ամբողջ ստեղնաշարը, պարզապես վերածվում է «իններորդ ալիքի»։ Մշակման բովում հրափորձության ենթարկվելուց հետո թեմաները վերադառնում են «ի շրջանս յուր» (ռեպրիզ)։ Իսկ պայթուցիկ վերջնամասում (կոդա) Դաշնամուրային կոնցերտի գահավիժող թեմայի վերհուշով ավարտվում է 1-ին մասը։ Շշուկային երեք պիանոյից մինչև որոտընդոստ երեք ֆորտե (թավջութակի կադենցիայում)` ահա հնչուժի այն ահռելի դիապազոնը, այն բևեռները, որոնց միջև ծավալվեց այս դրաման։
Ըստ Ասաֆևի, Գրիգը նոր գծեր է հաղորդել սոնատային ձևին, ներկայացնելով այն որպես «կերպարների պատկերային հերթագայություն»։ Այս առումով, Սոնատի 1-ին մասի փոթորկահույզ դրվագները կարելի է համեմատել Նորվեգական ծովի բուռն ալեբախումների, իսկ խաղաղ օժանդակ թեման` կոմպոզիտորի հայրենիքում սփռված բյուրավոր լուսեղեն լճակների` «ֆիորդների» հետ։ Անշուշտ, այս ամենը արտացոլված մարդկային հուզական աշխարհում։ «Ապրում եմ Նորվեգիայի բաղձանքով... Այժմ, քան երբևէ ես փրկություն եմ փնտրում իմ երկրի հարազատ բնության գրկում»,- գրել է 51-ամյա Գրիգը գեղատեսիլ Շվեյցարիայից (անդ, էջ 514)։ Ինչպես նշեցինք, ըստ Լևաշովայի, Սոնատի 2-րդ մասում խաչակրաց արշավանքի հերոս, Նորվեգիայի թագավոր Սիգուրդի «Հանդիսավոր քայլերգի» թեման վերաիմաստավորված է, վերածված մի խոհական եղերերգի։ Այս տպավորությունը ուժեղացնում է այն հանգամանքը, որ երազային թեման դաշնամուրի վերին ոլորտներից աստիճանաբար իջնում է ու փոխանցվում թավջութակին` ասես երկնից երկիր օրհնանք է իջնում։
Եղերական հնչողությանը նպաստում են նաև դաշնամուրի տավղահունչ «արպեջիատաները», որոնք կարող են ակնարկել նորվեգական էպոսի հերոս Էգգերի տավիղը։ Սա առաջին պատկերն էր։ Սրան անմիջապես հակադրվում է 2-րդ պատկերը։ Դաշնամուրը և թավջութակը վերսկսում են իրենց սրտառուչ երկխոսությունը, վերհիշում 1-ին մասի տագնապալի իրադարձությունները։ Եռատրոփ, տրիոլային զարկերը (սրտխփոցը) հետզհետե արագանում են, տրոհվում վեցական հարվածների (սեքստոլների)։ Ինչպես սիմֆոնիկ նվագախմբում տեղի է ունենում գործիքների, խմբերի «շղթայական ռեակցիա», ինչպես հրդեհն է հափշտակում նորանոր տարածքներ, այնպես էլ այստեղ` ընդլայնվում է դիապազոնը, «բռնկում» են նորանոր հնչյունազանգվածներ, և ինչպես 1-ին մասում, հնչուժի աճը հասնում է երեք ֆորտեի։ Ի վերջո, եղերական մրմունջը վերածվում է ողբերգականության պայթյունի։ Անդնդի եզրին հասած վազողի պես, դաշնամուրի աղաղակը հանկարծ ընդհատվում է, մինչդեռ թավջութակի «ժայռաբեկորները» գլորվում են անդունդ... Քար լռությունից, «ի խորոց» բխում է առաջին երանավետ մեղեդին, որը «երգում» է թավջութակը։ 2-րդ պատկերն այստեղ (ռեպրիզում) խաղաղ է` հովվերգական ֆա-մաժորում։ Դաշնամուրը սկսում է ու թավջութակին փոխանցում լուսավորված 2-րդ թեման, որը սփռվում է հնչյունածավալի վերին ոլորտներում, ինչպես ծիածանը ամպրոպից հետո...
Թավջութակի և դաշնամուրի այս սրտաբուխ երկխոսությունը հարուստ է ասոցիացիաներով։ Այն կարող է հիշեցնել Լոհենգրինի էջքը և վերելքը երկինք, Տրիստանի և Իզոլդայի սիրո զուգերգը («Իջի՛ր երկիր, սիրո գիշեր») կամ Նիցշեի հետևյալ խոսքերը. «Երջանկությունը մոտ է, բայց ոչ այնքան, որ դիպչես նրան»։ Սոնատի 2-րդ մասի համար բնաբան կարող էր լինել Ֆյոդոր Տյուտչևի «Պոեզիա» բանաստեղծությունը.
Կենաց ծովի ալիքներում,
Թեժ կրքերի բովում զորեղ,
Տարերային բախումներում`
Նա իջնում է փառահեղ
Երկնից դեպի որդիքս երկրի,
Հայացքով ջինջ, լազուրաչյա,
Եվ մարտնչող ծովի վրա
Ցողում մյուռոն հաշտության։
Սոնատի 3-րդ մասը, ինչպես և Դաշնամուրային կոնցերտի ֆինալը, հիմնված են նորվեգական «Հալլինգ» պարեղանակի վրա։ Վերջինս ոստյուններով արական խմբապար է, որում պարողները մրցում են ճարպկությամբ, ուժով, անակնկալներով։ Սրանով է պայմանավորված թավջութակի և դաշնամուրի մրցակցությունը, հանկարծաբանությունը ¥իմպրովիզացիա¤, միևնույն թեման գնդակի պես միմյանց փոխանցելը։ Ֆինալի օժանդակ թեման Գրիգը բխեցրել է նույն մասի գլխավոր թեմայից, այն շարադրելով լուսավոր մաժորում, երկու անգամ խոշորացնելով (դանդաղեցնելով) հնչյունների տևողությունը` պարեղանակը վերածել երգի։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե պարողները մի պահ հանդարտվում են, որ նոր թափով շարունակեն. չէ՞ որ հալլինգ պարողները ձգտում են նույնիսկ ոտքով դիպչել առաստաղին։ Ահա այսպես կենսուրախ ու ավյունով ավարտվում է Գրիգի այս փառահեղ Սոնատը։ Համերգից հետո «ՎԷՄ» ռադիոկայանի խմբագիր Օլյա Նուրիջանյանի հարցին Նարեկ Հախնազարյանը պատասխանել էր. «Եթե ես ստիպված լինեի ապրելու անմարդաբնակ կղզում, ինձ հետ կվերցնեի Ռախմանինովի «Վոկալիզը», Բախի սյուիտները, Շումանի երկերը»։ Ով համերգին լսել է Շումանի «Ադաջո և Ալլեգրոն», նա, հավանաբար, կհասկանա Նարեկի խոստովանությունը։
Ինչո՞վ է գրավում Շումանի այս գլուխգործոցը, որը թվում է, թե կոմպոզիտորի և իր «մուսա»` դաշնակահարուհի Կլարա Շումանի սիրո երկխոսությունն է` «թարգմանված» երաժշտության։ Ըստ Նիցշեի, պոեզիայի բոլոր արտահայտչամիջոցները միասին ի զորու չեն արտահայտելու փոքրիկ մի մեղեդու գեղեցկությունը։ Սակայն մենք ստիպված ենք դիմելու պոեզիային, քանզի ավելի համարժեք միջոց չունենք անտեսանելի գեղեցկության մասին որևէ լուրջ բան արտահայտելու։ Մեր միտքը պարզելու համար հիշեցնենք Կլեման Մարոյի «Աննայի մեկնման առթիվ» բանաստեղծությունից մի հատված։
...Դուք կվերցնեք սիրտն այս սգալի,
Կտանեք ձեզ հետ, որ նա չտխրի
Ձեր տեսքից հեռու` այս երկրի ցրտում
Եվ քանի որ մարդ առանց սրտի չի ապրի,
Կթողնեք ձերն ինձ և... ցտեսությո՛ւն։
Ի տարբերություն Կլեման Մարոյի, Շումանի պիեսում երջանիկ սրտերի մասին է խոսքը, պարզապես մենք շեշտում ենք սրտերի փոխանակության պահը։ Սա լոկ մետաֆոր չէ, այլ Շումանի երաժշտական մտքի արտահայտչաձև. ամբողջ երկի ընթացքում թավջութակը և դաշնամուրը հանգերի պես միմյանց են փոխանցում (իմիտացիա) նույն երաժշտական ռեպլիկները, և այդ դարձվածներն այնքան հոդաբաշխ են ու խոսուն, որ սրտառուչ զրույցի տպավորություն են ստեղծում։ Ըստ ավանդույթի, պարսից արքա Բահրամգուրը առաջինն է խոսել չափածո, հանգավոր խոսքով։ Բանասեր Համմերը գրել է, թե «արքային դրդել է իր սիրեցյալը, որն իր սերն արտահայտում էր նրանով, որ արքայի խոսքերը կրկնում էր չափածո, հանգավոր խոսքերով... Սա ոգևորել է Գյոթեին... Ելենան Ֆաուստին խնդրում է սովորեցնել հանգերով խոսել» (Л. М Кессель, Гете и Западно-восточный диван, М. 1976, стр. 51)։ Սրանով ոչ թե շեղվեցինք, այլ մոտեցանք Շումանի ստեղծագործության բովանդակությանը, որը սքանչելի կերպով դրսևորվեց Նարեկի և Նարեի երանավետ «սրտափոխանակության» ընթացքում։
Մենք այսքան մանրամասնում ենք` ցույց տալու համար, թե ինչ խնդիրներ են ծառանում կատարողների առջև։ Եվ, ի պատիվ մեր երիտասարդ երաժիշտների, ասենք, որ նրանք ցուցաբերեցին բարձրագույն մակարդակ։
Կան երաժիշտներ, որոնք ոչ միայն հեշտությամբ հաղթահարում են տեխնիկական դժվարությունները, այլև սլանում են վտանգներին ընդառաջ` նախաճաշակելով հաղթանակի բերկրանքը։ Այդպիսին է նաև Նարեկ Հախնազարյանը։
Համերգից հետո զրուցելիս Նարեկը խոստովանեց, որ իր հավատամքն է ճշգրիտ կատարել կոմպոզիտորի կամքը, մտահղացումը։ Վկայակոչեց Ստանիսլավսկու այն միտքը, թե հարկ է սիրել արվեստը քո մեջ, այլ ոչ հակառակը։ Եվ օրինակ բերեց այն, որ Սեզար Ֆրանկի «Ջութակի սոնատի» փոխադրությունը նա կատարում է ոչ թե թավջութակին հարմարեցված տարբերակով, այլ դժվարին բնագրով։ Եվ ավելացրեց, որ իր մտածողությունը ջութակային է, քանզի դեռ մանկուց լսում էր իր հոր` անվանի ջութակահար Սուրեն Հախնազարյանի նվագը, և չի խուսափում տեխնիկական դժվարություններից։ Ահա այդպես, ջութակին բնորոշ վիրտուոզությամբ և ճախրանքով Նարեկը նվագեց ջութակի մեկ լարի համար գրված Պագանինիի վարիացիաների փոխադրությունը (ներշնչված Ռոսինիի «Մովսես» օպերայում հնչող աղոթքով)։
Համերգի ծրագիրը (դրամատուրգիան) նույնպես կազմված էր մեծ արվեստով։ Երկերի հերթագայությունը, ներդաշնակությունը հիշեցնում էին ճապոնական ծաղկահարդարման (իկեբանայի) արվեստը։ ՈՒթ գործ նվագեցին միասին, մեկական` առանձին։
Նարեկը միայնակ նվագեց Լիգետիի Սոնատը։ Թեպետ այն մենանվագ է, սակայն 1-ին մասը կոչվում է «Դիալոգ»։ Հանդարտ ու ազնիվ այս երկխոսությունը ստեղծվում է թավջութակի տարբեր ռեգիստրների հակադրումով։ Բացի այդ, Նարեկը «զրուցակիցներին» ներկայացնում էր տարբեր ինտոնացիայով, ձայնի երանգով, ուրույն «դիմագծով»։ Ինչի՞ մասին են խոսում նրանք։ Գուցե ծաղկած բալենիների՞, թե՞ աշնան արևից «խաբված» ու ծաղկած մանուշակների մասին, որոնց վերահաս ձմեռ է սպասում։ Դժվար է ասել։ Բայց շուտով ներխուժում է փոթորկահույզ «Կապրիչիոն»` բախտի քմահաճույքը, հեգնանքը ¥2-րդ մաս¤, և «աշխարհով» մեկ ցրում այդ «ծաղիկները», ու մոլեգնող պտտահողմի մեջ մերթընդմերթ փայլատակում են Բախի թավջութակի 1-ին սյուիտի Պրելյուդի պատառոտված «էջերը»։ Այս մղձավանջային տեսիլքը նույնպես հանկարծորեն չքանում է Բախի սոլ-մաժոր ակորդով։
Դասական արժեքների (և առհասարակ մշակույթի) ճակատագրի վերաբերյալ նման տագնապ արտահայտել է դեռ Էժեն Իզային` Ջութակի 2-րդ սոնատում, ուր միահյուսված են Բախի ջութակի 3-րդ պարտիտայի Պրելյուդի և Ահեղ դատաստան (Dies irae) խորալի մեղեդիները։ Ինչպես մյուս գործերում, Սոնատում ևս, Իցհակ Պերլմանի խոսքով ասած, նա «նվագեց բոլոր նոտաները»։ Նույնքան լիարժեք և բովանդակալից Նարեկը «նվագում էր» նաև... պաուզաները` ըստ իրենց բնույթի` խոսուն, լուռ, պայթուցիկ, զարմացած և այլն։ Սրանով թավջութակահարը պաուզաներն օժտում է տարբերանշաններով, դարձնում ճանաչելի, ինչը նպաստում է և՛ բովանդակությանը, և՛ ձևակառուցմանը։ Բավական է հիշել Գրիգի Սոնատի առաջին և վերջին մասերը կամարակապող գլխավոր պաուզաները։
Նարեի մենանվագը Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետային սյուիտի հատվածներն էին` Միխայիլ Պլետնյովի փոխադրությամբ։ Նարեն դաշնամուրը հնչեցնում էր ինչպես մի սիմֆոնիկ նվագախումբ` իր ամբողջ ներկապնակով, գործիքային տարբեր խմբերով, տեսակներով` լուսեղեն չելեստայից մինչև որոտան կոնտրաբասերը։ Նաև սա է, որ հնարավորություն տվեց դաշնակահարուհուն վերստեղծելու բալետի հեքիաթային մթնոլորտը, հնչյունային հրավառությունը։ Ասես հենց Նարեն էր Հոֆմանի հեքիաթի հերոսուհի Մեղեդիների փերին։ Նրա ոգեշունչ հնչյունները մերթ նմանվում էին տոնածառի գույնզգույն խաղալիքների, մերթ ձյան փաթիլների, ծաղիկների, մրգերի, մեղուների պարի, շողարձակում հանց սուտակ, զմրուխտ, ոսկի։ Լայնարձակ էր կերպարների դիապազոնը, կոնտրաստները` անագե զինվորներից, մեխանիկական տիկնիկներից մինչև Դեգայի պատկերած պարուհիների նրբագեղությունը, զավեշտից մինչև ողբերգականության պոռթկումներ։ Ահա այսպես, իրականը և երևակայականը միահյուսված, դաշնակահարուհին ներկայացրեց մեզ «Շչելկունչիկի» հեքիաթը։
Սյուիտին հաջորդեց Չայկովսկու «Մեղեդին»։ Ըստ Պուշկինի, երաժշտությունը զիջում է միայն սիրույն, սակայն սերն էլ մեղեդի է։ Ահա այս սիրո մեղեդին ևս, կյանքի լուսավոր պահերով ողողված, Նարեկն ու Նարեն պարգևեցին ունկնդիրներին։
Ինչ վերաբերում է Սկրյաբինի «Ռոմանսին», ապա դաշնամուրն իր թրթիռներով, թավջութակն իր վարընթաց մեղեդու հոգոցներով և հավերժական հարցերով, հիշեցրին, որ այն ներշնչված է Շոպենի հայտնի «Սգո քայլերգով»։
Ամփոփելով, նշենք, որ Նարեկ Հախնազարյանի և Նարե Արղամանյանի ելույթը մեծ իրադարձություն էր մեր հոգևոր կյանքում։ Եվ ինչպես տգեղ Շչելկունչիկը վերափոխվեց գեղեցիկ արքայազնի, այնպես էլ ճահճում ծաղկող լոտոսների պես, նրանց մատուցած երկերը ի զորու են մեր տգեղ, ցավալի իրականությունը դարձնելու գեղեցիկ ու ոգեղեն։
Հիշյալ համերգը բարեգործական էր` ի նպաստ «Նվիրիր կյանք» հիմնադրամի, որը ծառայում է հիվանդ երեխաների բուժմանը։
Արդյո՞ք Նարեկը և Նարեն զգացին, որ իրենք, իրենց արվեստը կյանք են նվիրում ոչ միայն երեխաներին, այլև մեզ` մեծահասակներիս, և բոլոր նրանց, ովքեր հաղորդակից են իրենց կենսատու արվեստին։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ